Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն
Պրանայ Վադդին հայտարարել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, առաջիկա տարիներին մեծացնի
միջուկային զինանոցը՝ զսպելու Ռուսաստանից, Չինաստանից և այլ հակառակորդների կողմից
աճող սպառնալիքները։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը փոփոխություններ է կատարում միջուկային
զենքի ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։
Վադդին միաժամանակ հավատացրել է՝ Միացյալ Նահանգները
հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը:
Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հրաժարվում է այլընտրանքային պայմանագրեր
քննարկել, որոնք կարող են փոխարինել 2010 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված
ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման միջոցառումների
մասին համաձայնագրին: Հիշեցնենք, որ փաստաթղթի ժամկետը լրանում է 2026 թվականին, սակայն
2023 թվականի փետրվարին Մոսկվան հայտարարել է համաձայնագրին Ռուսաստանի մասնակցության
միակողմանի կասեցման մասին:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
«միջուկային զենքը չի թափահարում» և միջուկային էսկալացիայի հռետորաբանություն չի սկսել,
սակայն անհրաժեշտության դեպքում երկրի միջուկային դոկտրինը կարող է փոխվել: «Միջուկային
զենքի կիրառումը կարող է արագացնել մեր նպատակների կյանքի կոչումը, սակայն ռազմաճակատում
գտնվող ռուս զինվորականների առողջությունն ավելի կարևոր է»,- հավելել է Ռուսաստանի
նախագահը: